ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՄԵՆՔ ԴՈՒՌԸ ՉԵՆՔ ՓԱԿՈՒՄ»

«ՄԵՆՔ ԴՈՒՌԸ ՉԵՆՔ ՓԱԿՈՒՄ»
27.04.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ քաղաքական կոալիցիայի համատեղ հայտարարությունը:
-Կոալիցիայի հայտարարությունն անսպասելի չէր, ՀՀ նախագահը դեռևս Տավուշի մարզ աշխատանքային այցի ժամանակ ասել էր, որ մեր դիրքորոշումը հստակ է և որոշակի ճշտումներից հետո կհրապարակվի: Արդեն իսկ ակնհայտ էր, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապում է ղարաբաղյան խնդրի հետ և հազար ու մի պատրվակներով ժամանակ ձգում: Այդ ընթացքում Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ երկրների ներկայացուցիչները քանիցս հաստատեցին, որ ստորագրված արձանագրություններում նախապայմաններ չկան, բայց Թուրքիան այդ նախապայմանները դնում է, նույնիսկ վերջին հայտարարություններից մեկում հնչեցրին, թե իրենք նախապայման չունեն, բայց Ադրբեջանն ունի... Թուրքիան ուղղակի պատրաստ չէ արձանագրությունների վավերացմանը:
-Այդ դեպքում ինչո՞ւ էր հանձն առնում:
-Դա իր խնդիրն է, ակնհայտ է, որ պատրաստ չէ, և կոալիցիան էլ հայտարարությամբ առկախում է վավերացման գործընթացը, մինչև Թուրքիան պատրաստ լինի: ՀՀ նախագահը գործընթացը սկսելիս հստակ նպատակ ուներ` առաջին հերթին դա կարևոր էր ազգային անվտանգության տեսանկյունից, և, որպես երկրի անվտանգության երաշխավոր, նախագահն սկսեց մի գործընթաց, որը 21-րդ դարին հարիր փոխհարաբերություններ պիտի ապահովեր հարևան պետությունների միջև: Հաշվի էին առնվում Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացը, «Հարևանների հետ զրո խնդիրներ» կարգախոսը, որը Թուրքիան քանիցս միջազգային ամբիոններից հնչեցրել է: Բայց, հակասելով իր իսկ հայտարարություններին, Թուրքիան խնդիրը կապեց Ղարաբաղի հիմնահարցի լուծման հետ, ընդ որում` իր տարբերակի համաձայն, որը Ադրբեջանի տարբերակն է: Բնական է, որ այս պայմաններում Հայաստանի Հանրապետության համար ողջամիտ ժամկետը, որ մի քանի անգամ արդեն երկարացվել էր, պիտի ունենար իր ավարտը:
-Կոալիցիայի հայտարարությունն արձանագրում է ողջամիտ ժամկետի սպառումը, հնարավո՞ր է, որ ձեռնարկվի հաջորդ քայլը` արձանագրություններից հետ կանչվի ստորագրությունը, մանավանդ որ օրենսդրությունն այդ հնարավորությունը տալիս է:
-Օրենսդրությունն այդ հնարավորությունը տալիս է, բայց հանրապետության նախագահը և արտգործնախարարը, քաղաքական կոալիցիան քննարկումների ժամանակ հենց այս ճանապարհն են հարմար համարել: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն աշխարհի ուժային և քաղաքական կենտրոնները դրական են վերաբերվել և մինչև այժմ էլ երկու կողմերին հորդորում են ողջամիտ ժամկետում վավերացնել արձանագրությունները: Մենք դուռը չենք փակում. այն պետությունները, որոնք շատ անկեղծորեն ցանկանում էին հարցը լուծված տեսնել, պիտի համոզվեն, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում իրենց աջակցությունը, բայց չի կարող անվերջ սպասել, և բոլորի համար ակնհայտ է, որ մեղավորը Թուրքիան է, որ օրը մի քանի անգամ հայտարարում է, թե հավատարիմ է ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն, բայց խոսքերին գործեր չեն հետևում: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Հայաստանը բավականին համբերատար էր։ Այս քայլով էլ Հայաստանը պահպանում է միջազգային վստահելի գործընկերոջ կարգավիճակը, բոլորին պարզ է, որ այս քայլին Հայաստանին դրդեց Թուրքիայի վարած քաղաքականությունը:
-Տրամաբանական չե՞ք համարում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հրաժարականը` այս ընթացքի պարագայում:
-Իմ կարծիքով` ՀՀ արտգործնախարարն արել է հնարավորը` նա իրականացնում է ՀՀ նախագահի քաղաքականությունը, գործընթացը եղել է հրապարակային, և որևէ հակասություն չի եղել ՀՀ նախագահի ու նրա իրականացրած քաղաքականության միջև: ՀՀ արտաքին գործերի նախարարն այստեղ մեղք չունի, իսկ Թուրքիայի արտգործնախարարի վերաբերյալ ոչինչ ասել չեմ ուզում:
-Ակնհայտ էր, որ արձանագրությունների վավերացման համար միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում ոչ միայն Թուրքիայի, այլև Հայաստանի վրա: Կոալիցիոն հայտարարությամբ Հայաստանը կասեցնո՞ւմ է նաև այդ ճնշումների հնարավորությունը:
-Ժամանակը ցույց կտա` ինչպես կզարգանան իրադարձությունները, այս քայլով Հայաստանն ուղղակի ասում է, որ անընդունելի են ճնշումները ղարաբաղյան հարցում, անընդունելի է նախապայմանների լեզվով խոսելը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, անընդունելի է Ղարաբաղի հարցի լուծման ադրբեջանական տարբերակը:
-Ձեր գնահատականով` հայ-թուրքական հարաբերությունների այս ընթացքն իր ազդեցությունը չի՞ ունենա ղարաբաղյան հարցի վրա:
-Քաղաքական զարգացումները կանխորոշելը Հայաստանի և Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հարցով դժվար է: Ադրբեջանը մշտապես սին հույսեր է կապում տարբեր հանգամանքների հետ: Մի տեղ հրաբուխ է ժայթքում, Ադրբեջանը փորձում է օգտագործել Ղարաբաղի հարցն իր օգտին լուծելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փորձում է օգտագործել, նավթ ունենալը փորձում է օգտագործել, զենք է գնել` շանտաժ է անում իր խնդիրները լուծելու համար: Երբ չի ստացվում, բողոքում է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, բոլորից ու ամեն ինչից, բայց չի մտածում իր մեղքը որոնելու մասին: Չի մտածում, որ բողոքելու տեղ ավելի շատ Հայաստանն ունի:
-Օրինա՞կ:
-Օրինակ` ԱՄՆ-ը Կոսովոյի հարցում ռազմական միջամտությամբ հնարավորություն ստեղծեց ալբանացիների ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար, իրենք էլ ճանաչեցին ու հիմա էլ օգնում են, որ ալբանացիները երկրորդ անկախ պետությունն ունենան: Ղարաբաղի ժողովուրդը ինքն է կառուցել իր անկախ պետությունը ժողովրդավարական ճանապարհով ու պահպանում է արդեն 20 տարի, բայց ԱՄՆ-ը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը` կրկնակի ստանդարտներ կիրառելով: Մեր դժգոհելու փոխարեն Ադրբեջանն է դժգոհում:
-Մամուլում հաղորդագրություն եղավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր առաջարկն է պատրաստվում ներկայացնել Թեհրանը, մանրամասներ չեն հրապարակվել, հայտնի է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում միջազգային խաղաղարար ուժերի տեղակայմանը: Ղարաբաղի հարցում Թեհրանը կարո՞ղ է միջնորդի դեր ստանձնել:
-Իրանը պատրաստակամություն հայտնել է միջնորդի դեր ստանձնելու, եթե իր օգնությանը դիմեն: Թեհրանն իր հավասարակշիռ քաղաքականությամբ արդեն իսկ նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանց գործունեության ու բանակցությունների արդյունք է խաղաղությունը: Իհարկե, մենք էլ կարող ենք նրանց աշխատանքից դժգոհել, բայց արժանին մատուցենք նրանց։ Փաստորեն, հակամարտության կողմերը միմյանց հակառակ տեսակետներ են արտահայտում, և մեծ աշխատանք է պահանջվում այդ տեսակետները միմյանց մոտեցնելու համար: Եթե Ադրբեջանը խոսում է տարածքների վերադարձից` հիմնվելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, պարտավոր է խոսել նաև ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չգործադրման սկզբունքների մասին: Պիտի հասկանա` ինչ է նշանակում իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվե: Ադրբեջանն իր քարոզչական մեքենայի պատանդն է դարձել, ինքը հնարում է, հասարակությանը մատուցում, օր օրի պնդում է` միջազգային հանրությունն է օգնելու, մենք ենք ուժեղանալու, ուր որ է զիջելու են ու այդպես տարիներ շարունակ: Երբ տեսնում է, որ այդպես չի լինում, սկսում է ջղագրգիռ կեցվածքով դժգոհել ամբողջ աշխարհից: Պատրանքների մեջ մի ընկեք, որ պատրանքաթափ չլինեք:
-Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում ասել է, որ իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել ադրբեջանա-հայկական բանակցությունների կասեցմանը, և կառավարության անդամներին տեղեկացրել է, որ մի քանի տարբերակներ են մշակված, և բոլոր տարբերակների համար պատրաստի սցենարներ ունեն: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հայկական կողմը առկախի նաև այս բանակցությունները:
-Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար, տարբեր ուժգնության սպառնալիքներ է հնչեցնում, այդ թվում նաև` բանակցությունների դադարի վերաբերյալ: Նրանք մշտապես դժգոհ են Մինսկի խմբի համանախագահներից, թե ինչու Ղարաբաղը իրենց չեն տալիս... Եթե նրանք ուզում են այս գործընթացից դուրս գալ, իրենց խնդիրն է, թող իրենք էլ պատասխան տան միջազգային հանրությանը, թե ինչո՞ւ չեն ուզում շարունակել բանակցությունները, փոխարենն ի՞նչ են առաջարկում: Իսկ եթե Հայաստանի հետ փորձեն դադարեցնել բանակցությունները, դրանք կվերսկսեն արդեն Ղարաբաղի` կոնֆլիկտի իսկական կրողի հետ:
-Հայ-թուրքական հարաբերությունների շրջագծում ո՞րն եք համարում հաջորդ քայլը. բոլոր դեպքերում հարցը լուծված չէ։
-Կոալիցիայի հայտարարության մեջ ասված է, որ այդ հարցին կանդրադառնանք միայն այն դեպքում, եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, մինչ այդ Հայաստանն այս գործընթացում անելիք չունի: Տևական ժամանակ այդ հարցն ամենակարևորն էր, մենք էլ պիտի մի քիչ հանգստանանք, զբաղվենք մեր երկրի այլ հարցերով:
-Դա նշանակում է, որ քաղաքականությունն ուղղվում է երկրի նե՞րս։ Տևական ժամանակ տարփողվող միակ թեման մեր նախաձեռնողական արտաքին քաղաքականությունն էր` ֆուտբոլային դիվանագիտություն, հասարակության երկփեղկում, ստորագրահավաք, սահմանը կբացվի-չի բացվի, բացվեց` ինչ կլինի Հայաստանում։ Արդեն «վերադառնո՞ւմ ենք» երկիր:
-Մեր պետության ու ժողովրդի համար, կարծում եմ, դեռևս առաջնային է մնում ղարաբաղյան հարցի կարգավորումը, ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի, այլև ամբողջ աշխարհի հայության ներուժը պետք է այդ ուղղությամբ մոբիլիզացնել, որովհետև Ղարաբաղը մեր իրական, շոշափելի հայրենիքն է: Մեր արտաքին քաղաքականության և ներքին բոլոր պետական, ազգային ռեսուրսները պետք է այդ ուղղությամբ նպատակամղենք: Երկրորդը` մենք պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք մեր տնտեսության զարգացման, հնարավորինս արագ տնտեսական զարգացման երկնիշ թվերի հասնելու համար: Դա ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիր է, այլև ազգային խնդիրների լուծման ճանապարհն է: Մենք բավականին անելիքներ ունենք այս ուղղությամբ:
-Ձեր ընդդիմախոսները, այդ թվում` կոալիցիոն նախկին գործընկերները, հիշեցնելու են իրենց նախազգուշացումները հայ-թուրքական հարաբերությունների, նախապայմանների վերաբերյալ. ի՞նչ եք պատասխանելու:
-Շատերը կարող են ասել` բա որ ասում էի՞նք... Երկրի նախագահը երբեք չպիտի առաջնորդվի «բա որ»-ով, այդպես քաղաքականություն չեն կառուցում: Երկրի նախագահը ձեռնամուխ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որպես ազգային անվտանգության կարևորագույն գործոններից մեկի, և երկրի նախագահը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի ՀՀ բնականոն գործունեությունն ու ազգային անվտանգությունը: Ինչ կախված էր իրենից, նախագահն արեց, եթե այս հանգրվանում այսպես ստացվեց, որևէ մեկն իրավունք չունի ասելու` «բա որ ասում էի՞նք»...
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հ.Գ. -Հարցազրույցը կայացել է ապրիլի 22-ին` նախքան ՀՀ նախագահի ուղերձը։ Հետուղերձյան իրադարձությունների շուրջ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցը` «Իրավունքը de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ